Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկու Ամերիկա՝ մի նավակում

Երկու Ամերիկա՝ մի նավակում
08.11.2016 | 00:26

Այսօր ԱՄՆ-ն ընտրում է նախագահ, 58-րդ անգամ: 50 նահանգներում նախ կընտրեն նախագահական ընտրիչներին, նրանք էլ կընտրեն նախագահին ու փոխնախագահին: ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածով նախագահ կարող է ընտրվել ԱՄՆ-ում ծնված, 35 տարեկանից ոչ փոքր և 14 տարուց ոչ պակաս ԱՄՆ-ում ապրած քաղաքացին: Այլ սահմանափակումներ չկան, բայց մինչ օրս ԱՄՆ-ը չի ունեցել կին նախագահ: Եվ գործող մուլատ նախագահից առաջ չի ունեցել ոչ սպիտակամորթ որևէ նախագահ: Այսօր ԱՄՆ-ը կարող է կոտրել իր տաբուներից մեկը: Եթե ընտրությունները լինեին կիրակի օրը, հարցումների համաձայն, Հիլարի Քլինթոնը կստանար ձայների 47,2 %-ը, Դոնալդ Թրամփը՝ 45,3 %: Բայց այսօր երեքշաբթի է, և հայտնի չէ, թե Աստծո երեքշաբթին ում է տանելու Սպիտակ տուն:

ԱՄՆ-ը մեծ երկիր է, մեծ հակասությունների ու մեծ անակնկալների երկիր, փորձագետները չեն բացառում նաև երկու թեկնածուների հավասար արդյունքը: Ընտրարշավի ընթացքում նրանք ամբողջ երկրին ու աշխարհին, որ հետևում էր ամենաուժեղ տերության հաջորդ նախագահի ընտրարշավին, մի լավ զվարճացրին Թրամփի տեսքով ու մի լավ վախեցրին Քլինթոնի տեսքով: Բոլոր փորձագետները միակամ էին մեկ հարցում՝ այս ընտրարշավի մեխը միմյանց թերությունները, սխալները վերհանելն էր, ոչ թե գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Ոչ քաղաքական լեզվով՝ կոմպրոմատների պայքար էր, որին հաճույքով մասնակցում էին ԱՄՆ պետական կառույցները, որ արգելված է օրենքով: Տպավորիչ ու բովանդակալից ընտրարշավը չես անվանի՝ նյարդերի ջղային պայքարը այսօր կավարտվի:
ԱՄՆ-ում նախագահի հիմնական թեկնածուները դեմոկրատական ու հանրապետական կուսակցություններից են առաջադրվում, կան, իհարկե, այլ կուսակցություններ ևս, որ թեկնածուներ են առաջադրում, բայց նրանք հավաքում են սովորաբար 1-5 %-ից ոչ ավելի և չեն խառնվում բուն պայքարին: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց: Կուսակցությունների ներսում թեկնածուների ընտրությունով է բացվում նախընտրական թատրոնը՝ պրայմերիզներն են սկսում գլխավոր ներկայացումը: Փաստացի՝ ԱՄՆ նախագահը երեք ընտրական փուլ է անցնում՝ նրան նախ ընտրում են իրեն առաջադրած կուսակցության ներսում, հետո ընտրողները ընտրում են ընտրիչներին և երրորդ փուլում միայն հայտնի է դառնում, թե ում են ընտրել ընտրողների ընտրած ընտրիչները: Այս ընտրարշավում փետրվարից հունիս 50 նահանգներում ու մայրաքաղաքային Կոլումբիա նահանգում իր 6 տարածքներով՝ պաշտոնական թեկնածուներ դարձան Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը:
Քաղաքական ասպարեզում անհայտ բիզնեսմեն, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ոչ առանց կուսակիցների դիմադրության, դարձավ հանրապետական կուսակցության թեկնածուն, որ մրցապայքարից դուրս մղեց սենատորներ Թեդ Կրուզին և Մարկո Ռուբիոյին, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկին և 13 այլ թեկնածուների: Եթե նա ընտրվի նախագահ, կդառնա ընտրության պահին ԱՄՆ-ի ամենածեր նախագահը: Հանրապետական կուսակցության պրայմերիզներում նա հաղթեց 36 նահանգներում և Հյուսիսային Մարիանյան կղզիներում: Հուլիսի 14-ին Դոնալդ Թրամփը փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Ինդիանայի նահանգապետ Մայք Պենսին: Հանրապետականների համագումարը հուլիսի 21-ին նրան հաստատեց կուսակցության պաշտոնական թեկնածու: Ո՞րն է Թրամփի հաջողության բանալին: Քաղաքական գործչի բացարձակ հակակերպար լինելը: Ամերիկացիները հոգնել են պաշտոնական քաղաքական գործիչներից. բիզնեսմեն, միլիարդատեր Թրամփը իրեն թույլ էր տալիս հայտարարություններ ու քայլեր, որ քաղաքական գործչի համար քաղաքական ինքնասպանություն են, բայց նրա այդ հայտարարություններն էին հենց ավելացնում վարկանիշը:

Սա ֆենոմեն էր, որի հետ ԱՄՆ-ը գործ ուներ առաջին անգամ:
Երբ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ ժամկետում ընտրությունից հետո, 2012-ին, Հիլարի Քլինթոնը հրաժարվեց պետքարտուղարի՝ ԱՄՆ կառավարման հիերարխիայում երրորդ պաշտոնից, եղան տեսակետներ, որ նախկին Առաջին տիկինը պատրաստվում է Սպիտակ տուն վերադառնալ իբրև նախագահ: Նա ոչ հերքում էր, ոչ հաստատում և միայն 2015-ի ապրիլի 12-ին հայտարարեց, որ պատրաստ է թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում: Նախկին Առաջին տիկին, պետքարտուղար ու սենատոր Հիլարի Քլինթոնը դեմոկրատական կուսակցությունից առաջադրվեց հուլիսի 26-ին՝ մրցասպարեզից հանելով Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսին: Հաղթանակի դեպքում նա, կրկնում եմ, կլինի ԱՄՆ պատմության առաջին կին նախագահը: Պրայմերիզներում Հիլարի Քլինթոնը հաղթեց 28 նահանգներում, Կոլումբիայում: Եթե նա հաղթի, ԱՄՆ փոխնախագահի թեկնածու կառաջադրի Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնին:


Ի՞նչ կլինի, եթե երկու թեկնածուները հավաքեն 269 ձայն, ոչ թե 270, որ անհրաժեշտ է հաղթանակի համար: ԱՄՆ նախագահ այդ դեպքում կընտրի Ներկայացուցիչների պալատը, որտեղ 50 նահանգների ներկայացուցիչները կունենան մեկական ձայն: Հաղթանակի համար պետք է 26 ձայն: Հիմա հանրապետականները մեծամասնություն ունեն 33 նահանգների պատվիրակություններում, դեմոկրատները՝ 14, մյուս նահանգների պատվիրակությունների ձայները բաժանված են հավասարապես: Երեքշաբթի օրը հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ձայների որոշ մասը կկորցնեն, բայց փորձագետները համարում են, որ մեծամասնությունը կպահեն, և ԱՄՆ հաջորդ նախագահ կդառնա Դոնալդ Թրամփը: Սահմանադրության 12-րդ լրացումի համաձայն՝ ընտրություններում նախագահի թեկնածուների հավասար արդյունքի դեպքում փոխնախագահին կընտրի Սենատը, որ ունի 100 անդամ: Հիմա հանրապետականները մեծամասնություն ունեն Սենատում, բայց երեքշաբթի օրը կարող են կորցնել: Դեմոկրատական նոր մեծամասնությունը, բնականաբար, կընտրի դեմոկրատ Թիմ Քեյնին: Նա սենատոր է և ինքն իր օգտին քվեարկելու իրավունք ունի: Եթե Կոնգրեսի ստորին՝ Համայնքների պալատը նախագահ ընտրի Դոնալդ Թրամփին, իսկ Սենատը՝ Թիմ Քեյնին, կստացվի, որ նախագահը և փոխնախագահը տարբեր կուսակցություններից են: 2012-ի նախագահական ընտրություններին նախորդող կիրակի օրը հանրապետական Միթ Ռոմնին և դեմոկրատ Բարաք Օբաման ունեին 47 %, բայց երեքշաբթի օրը վստահորեն հաղթեց Բարաք Օբաման:


Սովորաբար ոչ-ոքիի թեման քիչ է քննարկվում, նախագահական ընտրություններում հավասար արդյունքը գրեթե անհավանական է, բայց այս տարին, փորձագետների պնդմամբ, աննորմալ է, ուստի նորմալ է աննորմալ արդյունքը: Որքան էլ, տարօրինակ է, այս անգամ ԱՄՆ նահանգների փողոցներում թեկնածուների պաստառներ կամ չկան, կամ շատ քիչ են: Երկու թեկնածուների կողմնակիցներն էլ եռանդուն պաշտպանում են իրենց ընտրյալին, նույնքան հաստատակամ են նրանք, որ չեն պատրաստվում գնալ ընտրությունների՝ համարելով երկուսին էլ անընդունելի: Գործնականում ընտրությունը կատարվելու է միայն վերջին պահին կողմնորոշվողների հաշվին:


ԱՄՆ նախագահական այս ընտրությունները երկրի ամբողջ պատմության մեջ մեկ թեկնածու կարողացավ արտառոց դարձնել: Ինչո՞ւ: Դեմոկրատիան Թրամփի կատարմամբ և ցինիկ էր, և վերին ու ստորին սահմաններ չընդունող: Այս ընտրարշավում ավելի շատ ցեխ արձակվեց, քան լինում է բեռնատարների հայտնի մրցարշավում Ջորջիայի ջրանցքներով: Նույնիսկ եթե Թրամփը պարտվի էլ, այս ընտրությունները նրանն էին: Հատկապես՝ եթե պարտվի: Նա դարձավ հասարակության տրամադրությունների արտահայտիչը և ձևավորեց իր շարժումը: Ապշեցուցիչը Թրամփի դեպքում ինքը Թրամփը չէ, այլ նրա դիպուկ համընկնումը հասարակական տրամադրությունների ալիքի հետ: Գուցե պետք չէ անտեսել և նրանց, որ արյունոտ հեղափոխությամբ են սպառնում Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում: Հայտարարությունը, որ մեկ ձայնով հաղթանակը, միևնույն է, հաղթանակ է, մասամբ է ճիշտ: Ճակատամարտերում հաղթում կամ պարտվում են, պատերազմը երկար է տևում: Ընտրություններում տանուլ տված ամերիկացիները այդքան հեշտ չեն հանձնի հաղթանակը: Եթե Թրամփը տանուլ տա, նա կարող է դատական հայցեր հարուցել ու մռայլ կանխատեսումներ անել Քլինթոնի ճակատագրի վերաբերյալ: Կարող է ամբողջ երկրում կազմակերպել իր կողմնակիցների ակումբներ ու շարունակել գաղափարները քարոզել նաև սեփական հեռուստաալիք բացելով: Չկասկածեք հաջողությանը: Բայց եթե նա նույնիսկ անհավանական համակերպումով ընդունի պարտությունն ու հեռանա, կմնա նրա ժառանգությունը, որ կարող է հիմքից փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը: Մի օրում չի մեռնի նրա պայքարը քաղաքական էլիտաների դեմ, որ, իր ձևակերպումով, մարդկանց քթից բռնած պարացնում են: 1891-ին ԱՄՆ-ի ժողովրդական կուսակցությունը կոչ արեց «հասարակ մարդկանց» պաշտպանել իշխանության «վերահսկող ներգործությունից» և պահանջեց երկրից վտարել չինացիներին: 1964-ին հանրապետական Բարի Գոլդուոտերը հայտարարեց, որ «էքստրեմիզմը ազատության պաշտպանության գործում չարիք չէ»: ԱՄՆ-ի ժամանակակից աջ պոպուլիզմի հիմնադիրը, թերևս, դեմոկրատ Ջորջ ՈՒոլեսն է: 1968-ին նա դարձավ նախագահի անկախ թեկնածու և հայտարարում էր. «Այս երկրին հոգնեցրել է մեծ կառավարությունը: Եթե քաղաքական գործիչները չհեռանան ճանապարհից, նրանցից շատերին կճզմեն փողոցից եկած մարդիկ՝ տեքստիլ ֆաբրիկայի կամ մետաղաձուլարանի բանվորները»: Նա տանուլ տվեց ընտրությունները, բայց ոչ գաղափարները:

Դոնալդ Թրամփը ուներ նախորդներ և ունենալու է հաջորդներ: Նա տիպիկ ամերիկացի է, առևտրական, շառլատան, բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոց վաճառող: Վայրենի Արևմուտքում մարդիկ տակից առնում էին օձի յուղ՝ բուժվելու համար: Ինչու ոչ, երբ բոլոր մյուս միջոցները չեն օգնել: Ո՞րն է ռիսկը: Նույնն է քաղաքականության մեջ: Նախագահ դառնալու դեպքում Հիլարի Քլինթոնը բախվելու է նույն խնդիրներին: «՛Գրավիր ՈՒոլ սթրիթը» շարժման և Բերնի Սանդերսի աջակիցները կարող են Թրամփին ատել, բայց նրանք էլ համաձայն են Թրամփի հակաէլիտար հռետորաբանության և մեծամիտ ու ազդեցիկ հարուստների դեմ հարձակումների հետ: Նրանք վախենում են երրորդ համաշխարհայինից, եթե Քլինթոնը ակտիվացնի մարտական գործողությունները Մերձավոր Արևելքում և առճակատման մեջ մտնի Ռուսաստանի հետ: Նրա հաղթանակը կարող է ստվերվել, եթե ամերիկացիները առաջնորդվեն՝ «Ով ուզում է լինի, բայց ոչ Թրամփը» սկզբունքով:


Հիլարի Քլինթոնին համարում են քաղաքական գործիչ՝ տղամարդու գործելաոճով ու մտածողությամբ՝ հաճոյախոսությո՞ւն է, թե՞ վիրավորանք, միայն ինքը կարող է գնահատել: Հանրապետականները ստիպված կլինեն նոր ղեկավար ընտրել իրենց համար, բայց 2020-ի նոր թեկնածու պետք չէ որոնել: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե չորս տարում ինչ փոփոխություններ կլինեն աշխարհում ու ԱՄՆ-ում: Համենայն դեպս՝ չորս տարի առաջ Դոնալդ Թրամփի նախագահի հանրապետական կուսակցության թեկնածու դառնալը ոչ ոք չէր կանխատեսել: Եվ հանրապետական, և դեմոկրատական կուսակցությունը պիտի որոշեն՝ ինչ ճանապարհով գնալ՝ շարունակե՞լ գլոբալացման ու տնտեսական լիբերալիզմի ժխտումը, որ սարսափի է մատնում մեծ բիզնեսին, ընդունե՞լ սոցիալական պոպուլիզմը: Նո՞ր գաղափարներ գտնել: Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ի երկկուսակցական համակարգը ճաքեր է տալու՝ քաղաքական էլիտաների գաղափարները չընդունող և քաղաքականության հայտնի սահմաններն ու ձևակերպումները ոտնատակ տվող ամերիկացիների անարխիայի առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ընտրություններում տանուլ տված թեկնածուն սովորաբար զանգահարում է հաղթողին ու շնորհավորում: 2016-ի ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն առավոտյան ժամը 4-5-ին: Թրամփը հայտարարել է, որ իր պարտությունը չի ընդունելու: ՈՒ՝ ի՞նչ: Կերևա լուսաբացին:

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ